ԼԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ բնակվում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքում։ Արմատներով Լոռուց է: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով արդեն չորս տարի Ֆրանսիայում է բնակվում, ուսումնասիրում է հոգեբանություն, մասնավորապես` միգրացիոն հոգեբանություն:
Խոսելով Ֆրանսիայում բնակվող հայերի մասին՝ Լենան ասում է, որ թեև պատմության ընթացքում հայեր միշտ էլ ապրել ու գործել են Ֆրանսիայի տարածքում, այնուհանդերձ, այսօրվա ֆրանսահայ համայնքը համեմատաբար նոր է և կազմավորվել է վերջին հարյուր տարում: Այսօր Գրենոբլում ապրում է շուրջ 1500 հայ։ Գործում են հայկական հոգևոր և աշխարհիկ մշակութային միություններ, որոնք հայապահպանման ու հայակերտման հարցերն իրենց կարևորագույն նպատակներից են համարում:
«Երբ երկու հայ հանդիպում են, անհնար է՝ չհամախմբվեն ընդհանուր գաղափարի շուրջ, այդպես էլ երեսուն տարի առաջ ստեղծվել է Հայկական մշակութային տունը: Մենք ունենք մեկօրյա դպրոց, ուր հաճախում են տարբեր տարիքի երեխաներ: Աշակերտների թիվը վերջին ժամանակներս բավականին աճել է, կարևորում են մայրենի լեզվի իմացությունը, ինչը գովելի է: Դասընթացն անցկացվում է շաբաթ օրը` երեք ժամ տևողությամբ, որի ընթացքում ուսումնասիրում են հայոց լեզու և հայկական ազգային պար առարկաները: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ձեռք բերեցինք բազմաթիվ դասագրքեր, ձայնասկավառակներ, որոնց օգնությամբ էլ կազմակերպվում են դասընթացները։ Անցկացնում ենք նաև մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է օտարերկրացիներին ներկայացնել Հայաստանը: Վերջերս մի այդպիսի միջոցառում կազմակերպեցինք` «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով, այն երգչախմբի համար, որտեղ ես ու մի քանի հայ երգում ենք, ներկայացրինք մեր պատմությունը, մշակույթը: Մեր ղեկավարը ցանկություն էր հայտնել երգչախմբի երգացանկում ընդգրկել հայկական երգեր: Առաջին տարում սովորեցրինք «Դլե յաման» երգը, հաջորդ տարի՝ «Կիլիկիան», այս տարի էլ երգչախմբի երկու անդամ «Սարի սիրուն յար» երգն էին սովորել, որի կատարումն էլ միջոցառման ժամանակ նվիրեցին Գրենոբլի հայ համայնքին»,- ասում է Լենա Քոչարյանը, ավելացնելով, որ այս երեք տարում երգչախմբի անդամների մեջ հայ մշակույթի հանդեպ սերմանած սերը հիմք հանդիսացավ ավելի մեծ նախաձեռնության, և երգչախումբը ցանկություն հայտնեց Հայաստան այցելել։ Այնպես որ, հաջորդ տարի նրանք Հայաստանում կլինեն:
Գրենոբլի մշակութային տունը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայում գտնվող այլ կառույցների հետ: Մեր զրուցակիցը նշում է, որ երիտասարդությունը մեծ ներդրում ունի համայնքի պահպանման և զարգացման գործում: Հենց երիտասարդներն իրենք են բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների հեղինակն ու իրականացնողը: ՈՒրախալի է, որ նույնիսկ այն պարագայում, երբ հայրենիքից հեռու են գտնվում, իրենց արմատների մասին չեն մոռանում: Իսկ այսօրվա ձեռքբերումներից, հաղթանակներից ամենամեծն այն է, որ Գրենոբլի հայկական մշակութային տան վարչական խորհուրդն ունի երկու երիտասարդ անդամ:
Անդրադառնալով օտար երկրներում հայերի խնդիրներին՝ Լենա Քոչարյանը նկատում է, որ Ֆրանսիայում և այլուր հայապահպանման մեծ խնդիր կա. «Ծնողները երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու նպատակով տանը խոսում են ֆրանսերեն, բայց ես համոզված եմ, որ լեզուն կարող է լիարժեք պահպանվել առօրյա օգտագործման շնորհիվ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տանը խոսում են բացառապես հայերեն, և հատկապես երբ երկու ծնողներն էլ ազգությամբ հայ են (չնայած լինում են նաև բացառություններ)։ Արմատները կորցնելու ամենադյուրին տարբերակներից մեկն էլ խառն ամուսնություններն են»:
Հայերի ինտեգրման մասին։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում ապաստանած հայերը թեպետ դժվարությամբ, այնուհանդերձ, կարողացան լիովին ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը` միաժամանակ պահպանելով ազգային արմատները և մշակութային առանձնահատկությունները: Սկզբում զբաղվում էին առևտրով, արհեստներով: Երեխաները հաճախում էին ֆրանսիական դպրոցներ, որոնք էլ, լիովին տիրապետելով ֆրանսերենին, կարողացան ստանալ նորմալ կրթություն և ներգրավվել այլևայլ ոլորտներում` արվեստ, սպորտ, բիզնես, առողջապահություն, իրավագիտություն և այլն: Նոր սերունդն ավելի ակտիվորեն և համարձակորեն կարողացավ շարունակել ծնողների հայապահպանման նախաձեռնությունները` հիմնադրելով մի շարք հայրենասիրական և մշակութային խմբեր, կենտրոններ և կազմակերպություններ: Այս հանգամանքը, անշուշտ, իր դերն ունեցավ և մեծապես հեշտացրեց ինտեգրման գործընթացը: Սակայն անկասկած է, որ ինտեգրման մեծագույն խթանն աշխատասիրությունն է: Հայերն այսօր շատ լավ ընդունված են ֆրանսիական հասարակության կողմից, որն էլ բարձր է գնահատում հայերի ավանդը ֆրանսիական այսօրվա իրականության մեջ: Լենան ասում է, որ հպարտությամբ է լսում, երբ ֆրանսիացի ընկերները հաճախ հայերիս համեմատում են հանճարների հետ` մեր տաղանդի և նպատակասլացության համար:
Խոսելով հայրենիք վերադառնալու մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ չի ճանաչում այնպիսի մեկին, ով չցանկանար հայրենի հողը ոտքերի տակ ամուր զգալ. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ փափագում է իր հայրենիքում բնակվել, միայն թե այսօր հայ ազգը կանգնած է շատ լուրջ խնդրի առջև, որի անունն է արտագաղթ, իսկ հիմնական պատճառն աշխատանքի բացակայությունն է, մարդիկ չեն կարողանում բավարարել իրենց ընտանիքի կարիքները և լքում են հայրենիքը: Նորմալ փոխհատուցվող աշխատանք և կացարան ունենալու դեպքում շատերը պատրաստ են վաղն էլ վերադառնալ հայրենիք: Լավ կլիներ, որ կառավարությունը մտածեր մտավորականների ներգաղթ կազմակերպելու մասին»:
Ըստ Լենայի, մենք` հայերս, խիստ էթնոկենտրոն ազգ ենք: Որտեղ էլ գտնվենք, մեզ համար աշխարհի կենտրոնը Հայաստանն է: Ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերում դժվար թե գտնվի մի հայ, որը չհետաքրքրվի հայաստանյան իրականությամբ և չցանկանա օգնության ձեռք մեկնել. «Այս առումով մենք իրոք յուրահատուկ ազգ ենք։ Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, Հայաստանին օգնության ձեռք մեկնեց սփյուռքը, նյութական, բժշկական և նույնիսկ ռազմական աջակցություն ցուցաբերեց։ Սա այն փոքրագույն աջակցությունն էր, որը յուրաքանչյուր հայ պարտավոր էր անել և արել է անմնացորդ սիրով։ Վստահ եմ, հարկ եղած դեպքում նորից նույնը կանեն: Իսկ երիտասարդությունը… Մի շատ լավ հայուհի, ով իմ շատ մտերիմ ընկերն է, ամեն անգամ ասում է՝ եթե պատերազմ սկսվի, ամեն բան թողնելու եմ ու գնամ դիրքեր»:
Համեմատելով Ֆրանսիայի և Հայաստանի դպրոցական ու բուհական համակարգերը՝ Լենան նշում է, որ դրանք շատ են տարբերվում. «Ես ուրախ եմ, որ տասնամյա կրթությունս ստացել եմ Հայաստանում, սակայն կարծում եմ՝ բուհական համակարգում մեր բացթողումները շատ են: Երկու ամենամեծ համեմատականներն անցկացնեմ. Ֆրանսիայում քննությունները բաղկացած չեն զուտ անգիր արված տեսություններից։ Չկա քննական հարցաշար, ընդհակառակը, ստիպում են գործի դնել վելուծական միտքն ու, համախմբելով ամբողջ տարվա ընթացքում ստացված գիտելիքները, մեր առջև դրված խնդրին լուծում տալ: Այսինքն՝ դեռ ուսումնական առաջին տարիներից ձևավորում են մասնագետներ: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվում են ավելի քան յոթ հարյուրը (ուսումը, ի դեպ, Ֆրանսիայում անվճար է), այնինչ այն ավարտում են միայն երեսունը` լավագույնները: ՈՒսումից բացի, շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենակ ես ապրում: Դժբախտաբար մենք չունենք այդ մշակույթը՝ ստեղծագործելու, ապրելու, արարելու, աշխատելու ընտանիքից հեռու: Կարծում եմ՝ դա դրական է անդրադառնում մարդու վրա, սկսում ես ձևավորվել որպես անհատ ու ավելի մրցունակ դառնալ: Գարեգին Նժդեհն ասում էր. «Չեմ սիրում միջակությունը նպատակի, զոհաբերության, տառապանքի: Միջակությամբ չես աճի, չես հսկայանա հոգեպես: Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականության ճամփով»։ Այս պահին Եվրոպայում գտնվելս մեծ հնարավորություն է ընդլայնելու մտահորիզոնս և զարգացնելու գիտելիքներս, որոնք հետագայում ծառայելու են իմ և իմ սերնդակիցների երազած հայրենիքը կառուցելուն: Այսօրվա իմ գերպարտականությունն եմ համարում զբաղվել ինքնաճանաչմամբ, ինչը նպաստում է միջակության սահմաններից դուրս գալուն»:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ